«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստորագրումից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «մենք ունենք մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»։ Aysor.am-ը հարցազրույց է վերցրել Սամվել Բաբայանից։
-Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Սամվել Բաբայանի հետ մենք ունենք մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»։ Ի՞նչ չափով է Ձեր աջակցությունն այդ դաշինքին։
-Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսկանյանին ճանաչում եմ դեռ 1991-92-ից, միասին աշխատել ենք երկար տարիներ։ 8 տարի միասին աշխատել ենք։
- Այսինքն, ազդեցություն ունե՞ք այդ դաշինքի վրա։
- Ես որևէ դաշինքի վրա չեմ կարող ազդեցություն գործել։ Եթե ինձնից խորհուրդ են հարցնում կամ կիսվում են ինձ հետ, ես կարող եմ իմ կարծիքը հայտնել, ոչ ավելին։
- Շրջանառվում են խոսակցություններ, որ ստվերում Դուք եք ղեկավարում նախկին նախարարների դաշինքը։ Հերքեք կամ հաստատեք այդ լուրերը։
- Ես հերքում եմ, ես ոչ մի դաշինք չեմ ղեկավարում։ Այդ դաշինքի մեջ որևիցե ձևով ես չկամ որպես անհատ։
- «Համախմբում» կուսակցության հետ համաձայնագիր կնքած, իսկ այսօր արդեն լքած Վիկտոր Դալլաքյանն ասաց, թե համաձայնագիրը լքելու պատճառներից մեկն էլ այն է, որ այնտեղ ստվերային և կուլուարային գործընթացներ կան, հավելելով նաև, թե Դուք փետրվարի 6-ին ցուցակ եք ներկայացրել, որի տասնյակում մեծ մասամբ ընդգրկված են եղել «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներ:
- Ցուցակները կազմում են լիդերները։ Կկազմեն, կհրապարակեն։ Երբ կհրապարակեն, կհամեմատեք Վիկտոր Դալլաքյանի սևագիր ցուցակի հետ, կտեսնեք, համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։
- Այսինքն, դա սևագի՞ր էր։
- Եթե մարդ-կուսակցություններ կան, ու համարում են, որ իրենք պետք է լինեն առաջիններից, գնան պառլամենտ, որ 500 հազար դրամ թոշակ ստանան կամ քարտուղարուհի ունենան, այլ ոչ ժողովրդի համար մտածեն, այդ մարդկանցից պետք է ձերբազատվես։
- Դուք անձնապես ինչ-որ կերպ մասնակցություն կունենա՞ք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
- Երբ դաշինքներն ամբողջությամբ կձևավորվեն, ես ասել եմ, որ հայտարարելու եմ, թե որ դաշինքին եմ աջակցում, և իմ բոլոր հնարավորություններն ուղղելու եմ այդ դաշինքի աջակցմանը։
- Այսինքն, Ձեզ կտեսնե՞նք քաղաքական գործընթացներում։
- Չէ։ Աջակցելու եմ, ես չեմ լինելու ցուցակներում։
- Պարզապես անձնապե՞ս եք աջակցելու։
- Այո, անձնապես եմ աջակցելու իմ ընկերներին, որոնց երկար տարիներ ծանոթ եմ. ոչ ավելին, ոչ պակաս։
- Ձեր ասածից կարելի՞ է հետևություն անել, որ արդեն ունեք Ձեր նախընտրած ուժը, որին պատրաստվում եք աջակցել, քանի որ արդեն հայտնի են, թե ովքեր են հիմնական խաղացողները։
- Դե իհարկե, կարող եք ենթադրություն անել, բայց կխնդրեի, որ համբերեք, ժամանակը կգա, ես ինքս կարտահայտվեմ դրա մասին։ Բայց կարող եք Ձեր համար ենթադրություն անել, դա Ձեր իրավունքն է։
- Այդ դեպքում, իմ ենթադրությունը կարող է համընկնել Սեյրան Օհանյանի հայտարարությանը։
- Եթե համընկնում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը, ուրեմն այդպես էլ համարեք։